National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.04.2022
Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի խաղադրույքներ հնարավոր կլինի կատարել բացառապես անկանխիկ եղանակով
1 / 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում:

Փոփոխություններ կատարելու շարժառիթն Ազգային ժողովին ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ապրիլի 12-ի ԱԺ նիստում:

Նա ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից ու գործողությունների բնույթից:

Գեւորգ Պապոյանի խոսքով` օրինագծի թիրախում այն քաղաքացիներն են, ովքեր գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում, բայց միաժամանակ ունեն խաղամոլության կախվածություն, ինչի հետեւանքով նրանց սոցիալական վիճակը գնալով էլ ավելի է վատանում: «Ամենավատ իրավիճակը, որը հանդիպում ենք, դա այն է, երբ մարդը պետության տրամադրած նպաստով կատարում է խաղադրույք»,- նշել է պատգամավորը:

Օրինագծով որոշակի սահմանափակումներ են իրականացվում, մասնավորապես, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր չի լինի շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի համար կատարել կանխիկ խաղադրույքներ, իսկ 6 ամիս անց դուրս է գալու էլեկտրոնային դրամապանակով վճարելու եղանակը, եւ կմնա միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու տարբերակը:

«Մենք այսօր իրականում չգիտենք, թե ովքե՞ր են խաղում, ի՞նչ ծավալով են խաղում: Գիտենք ընդհանուր շրջանառությունը, որն ամեն ամիս փոխվում է»,- ընդգծել է զեկուցողը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական դիրքորոշումը:

Հարակից զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ Կառավարությունը տվել է դրական դիրքորոշում եւ ներկայացրել բարելավվող առաջարկներ, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են:

Պատգամավորները, կարեւորելով ներկայացված նախագիծը, նշել են, որ բոլոր հնարավոր միջոցներով պետք է խաղամոլության աղետը վերահսկել, եւ հարկման ճիշտ մեխանիզմներ ներդնել:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ մինչ այս նախագիծը եղել է գովազդի սահմանափակում: «Սա հաջորդ քայլն է, առաջիկայում կլինեն այս ուղղությամբ քայլեր եւս»: Նա ընդգծել է, որ ներկայացվող նախաձեռնությամբ խնդիրն ամբողջությամբ չի լուծվում, բայց երբ նույնականացման միջոցով պետության համար հասկանալի կլինի կոնտինգենտը, դա էլ թույլ կտա որոշակի մեխանիզմներ մշակել:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am